mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Judy-ն եմ

  • Judy Brock
  • Judy Brock
  • Judy Brock
  • Judy Brock
  • Judy Brock
  • Judy Brock
  • Judy Brock
  • Judy Brock

Իմ մասին

Ես մեծացել եմ Ջերսիում, բայց մի տղա հարավից գողացավ իմ սիրտը, և այդ ժամանակից ի վեր ապրել եմ Մեյսոն-Դիքսոն սահմանագծից հարավ: Երբ ես երիտասարդ աղջիկ էի, հայրս ուներ մի խորտկարան 8-րդ փողոցում և առևտրի կենտրոն Ֆիլիում, որտեղ մենք Ամանորին դիտում էինք ձեռնածուների շքերթ: Մենք ամառներն անցկացնում էինք ծովափին և կարոտում էինք տատիկիս կակղամորթի թանձր ապուրը: Այժմ ես փոխել եմ ծովափը Բլու Րիդջի լեռնային լճերի և Լոուքանթրիի ջերմ եղանակի հետ: Մենք կապույտ ձկան փոխարեն որսում ենք պերկես և «տղերք դուք»-ի փոխարեն ասում ենք «դուք բոլորդ»: Ամուսինս և ես 26 տարի է, որ երջանիկ ամուսիններ ենք: Մենք օրհնվել ենք երեք հրաշալի երեխաներով և նույնքան հրաշալի փեսայով ու հարսով: Ես սիրում եմ կյանքը, չնայած այն շատ դժվարություններին, որոնց առջև կանգնել եմ, և միշտ փնտրում եմ ուղիներ այն տոնելու համար: Իմ ցանկություններից մեկն է վերացնել կանանց դեմ ուղղված բռնությունը: Ավելի քան 20 տարի ես կամավոր ծառայել եմ իմ տեղական`ծեծի ենթարկված կանանց ապաստարան կազմակերպությունում: Ես նաև սիրում եմ պատրաստել նախաճաշ, բայց շատ լավ խոհարար չեմ: Երբ մեր երեխաները երիտասարդ էին, նրանք չէին ասում Վ տառով սկսվող բառը` «վառված»`վախենալով, որ կվիրավորեն իմ զգացմունքները: Մինչև այսօր դրա փոխարեն մենք բոլորս ասում ենք. «Օ, այն մի քիչ կարմրել է», և ժպտում ենք: Ես մեծ սեր ունեմ ջրի նկատմամբ, լինի այն օվկիանոս, լիճ, ջրվեժ, անձրևամրրիկ, թե ջրափոս... ջրի հետ կապված մի կախարդական բան կա, որն ինձ ձգում է: Ինձ դուր է գալիս կրել բրդյա ժակետ և հողաթափեր, և ես սիրում եմ, երբ ինձ ամուր գրկում են: Ես նաև ունեցել եմ տարրական դասարանի երեխաների հետ աշխատելու հաճույքն ավելի քան 10 տարի: Նրանք ասում են լավագույն կատակները, որոնցով, ինչպես գիտեն, ես մի քիչ ավելի շատ եմ ուրախանում:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Չնայած կարծում եմ կարող եմ նշել միլիոնավոր պատճառներ, թե ինչու եմ մորմոն, պարզապես հավատում եմ սրտիս, որ մորմոն լինելով ես ավելի մոտ եմ իմ Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Ես մեծացել եմ կես ագնոստիկ, կես Մորմոն: Հայրս մինչև հիմա ագնոստիկ է, և կարծում եմ ավելի լավ եմ հասկանում, թե ինչու: Նա պարզապես կասկածի տակ է դնում կազմակերպված հավատքի ֆինանսական շարժառիթները, և նա կարծում է, որ բոլոր այս «անպատասխան հարցերը» չեն կարող այսպես հեշտությամբ պատասխանվել: Ինձ համար Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին պատասխանում է բոլոր «անպատասխան հարցերին», և շարժառիթն ընդհանրապես հարցադրման չի ենթարկվում, քանի որ մեր հոգևորականները չեն վարձատրվում: Մենք բոլորս ունենք մեր ներդրումը` Կիրակնօրյա Դպրոցում ուսուցանելուց մինչև երգչախումբն առաջնորդելը: Այս Եկեղեցու ծրագրերն ու գործունեություններն ինձ համար ապահովել են կյանքի նախագիծ: Օրինակ` ապրելով Իմաստության Խոսքի սկզբունքներով, ես ավելի լավ հնարավորություն ունեմ ապրելու իմ կյանքն առանց կախվածության: Շեշտը դնելով ընտանիքի և այնպիսի ծրագրերի վրա, ինչպիսիք են ընտանեկան երեկոները, ժամադրության երեկոները և ընտանեկան աղոթքները, մենք ունենք ճանապարհային քարտեզ, որպեսզի ամրացնենք մեր ընտանիքը և ավելի լավ խույս տանք աշխարհի թակարդներից: Մեր ապրելակերպի շրջահայաց ծրագիրը խրախուսում է պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին, ապրել մեր միջոցներով և խնայել նեղ օրվա համար: Այնքան շատ բան կա այս Եկեղեցու հետ կապված, որ ինձ դուր է գալիս: Ինձ համար իմաստալից է, որ 14 տարեկան երիտասարդ տղան շփոթված էր, թե որ եկեղեցուն միանար, հատկապես իր օրերում: Նրա քաղաքի չորս անկյուններում կային չորս տարբեր եկեղեցիներ՝ քարոզիչներով, ովքեր փողոցներում փորձում էին համոզել մարդկանց միանալ իրենց եկեղեցուն: Ես այնքան երախտապարտ եմ, որ նա ծնկի իջավ պուրակում և հարցրեց մեր Երկնային Հորը, թե որ եկեղեցուն պետք է միանար: Քրիստոսի մահանալուց հետո Մեծ Ուրացության պատճառով անհրաժեշտ էր, որ լիներ Քրիստոսի Եկեղեցու վերականգնումը, և այդ ժամանակը եկել էր: Բլուրներում թաքցված ոսկե թիթեղների թարգմանությունը Ջոզեֆ Սմիթի կողմից, որը հայտնի է որպես Մորմոնի Գիրքը, իմ ամենագնահատելի սեփականությունն է: Այն եղել է հրաշալի ուղեցույց իմ կյանքի համար: Կարճ ասած, ես հավատում եմ, որ ես հնարավորինս իմ լավագույն եսն եմ, ապրելով հնարավորինս ամենահրաշալի կյանքը և այդ ամենը նրա շնորհիվ, որ ես Մորմոն եմ:

Անձնական պատմություններ

Ինչպե՞ս են ձեր աղոթքները պատասխանվել:

Իրականում դա պատասխան չստացած աղոթքն էր, որն ինձ լավագույն ձևով ուսուցանեց, թե ինչպես են պատասխանվում աղոթքները: ... Մի քանի տարի առաջ մի երեկո ես զորեղ աղոթք ուղարկեցի դեպի երկինք, այնքան հանդուգն աղոթք, որ համարձակվում եմ ասել, ավելի շատ նման էր հրամանի: Ես ճանապարհին էի և գնում էի տեսնելու ընկերներիցս մեկին, ով նոր էր մահացել: Մեքենան վարելիս մի երեխա վազեց մեքենայիս դիմացը: Այդ բախումը հավերժ փոխեց իմ կյանքը և ավարտին հասցրեց նրանը: Երբ ողբերգությունն ակնհայտ էր այդ բազմամարդ փողոցում, ես խնդրում և աղաչում էի Աստծուն փրկել նրա կյանքը: Ինքս ինձ մտածում էի. «Մանանեխի սերմ, մանանեխի սերմ, այն է, ինչ անհրաժեշտ է, մանանեխի սերմի չափ հավատք»: Ես գիտեի, որ ունեի նման հավատք: Ես հավատում էի, որ ունեի նման հավատք: Մինչ ես շարունակում էի իմ սրտաճմլիկ կանչը դեպի երկինք, ակնհայտ էր դառնում, որ իրավիճակը ծանր էր: Բուժակներն ինձ հուսադրող զեկույցներ էին տրամադրում, բայց նրանց դեմքերն արտահայտում էին հուսահատություն: Ես ավելի ջանասիրաբար էի աղոթում և ավելի շատ էի խնդրում: Ես արժանի էի հրաշքի, այնպես չէ՞: Ես հավատում էի, որ Աստված հրաշք կգործի այս փոքրիկի համար: Եվ այնուհետև, երբ Կյանքի Թռիչք ուղղաթիռը օդ բարձրացավ, և ես նայեցի երկինք, զգացի, որ «համակերպվիր» բառն առաջացավ մտքումս: «Ոչ»: Ես մտածեցի: «Ոչ»: Ես շարունակում էի աղաչել, բայց սրտիս խորքում գիտեի, որ այն, ինչ անհրաժեշտ է ինձ, Աստծո կամքի հետ համակերպվելն է: Մտքովս երբեք չէր անցնում, որ նրա կյանքը փրկելու համար աղոթելը Տիրոջ կամքը չէր լինելու: Հաջորդ օրն առավոտյան նա մահացավ: Մինչև հիմա ես աղոթում եմ հավատքով, բայց դա անում եմ համակերպվելով Նրա կամքի հետ: Ես չեմ ենթադրում, որ գիտեմ, թե որն է ամենալավը: Ես էլ չեմ տալիս անելիքների ցանկ Աստծուն: Ես աղոթում եմ` իմանալով, որ ես պետք է կատարեմ փոփոխությունը, և ոչ թե՝ Նա: Մի անգամ ես լսեցի, որ «պատասխանված աղոթքները խթանում են հավատքը, իսկ չպատասխանված աղոթքները կատարելագործում են այն»: Ես հավատում եմ դրան և վստահ եմ, որ կշարունակեմ ունենալ շատ հնարավորություններ իմ հավատքը գործադրելու համար: Այդ ողբերգական իրադարձությունից շատ հրաշքներ տեղի ունեցան, բացի այն մեկից, որի համար ես աղոթում էի: Ես հասկացա, որ աղոթքը արձակում է այն օրհնությունները, որոնք սպասում են, որպեսզի թափվեն ինձ վրա: Ինձ պարզապես անհրաժեշտ են աչքեր, որպեսզի դրանք տեսնեմ:

Կպատմե՞ք ձեր մկրտության մասին:

Ես 10 տարեկան էի, երբ մկրտվեցի: Ես գնացել էի Վայոմինգ` ընտանիքիս այցելելու, որտեղ մայրս և մորաքույրերս փաթաթեցին ինձ սպիտակ սավանով: Նրանք մեջտեղում մի անցք կտրեցին, որպեսզի գլխովս անցկացնեմ, և այնուհետև մի պարան կապեցին մեջքիս` դարձնելով այն մկրտության զգեստ: Երբ ես մտա Քրոու Քրիկի ձնաջրերի մեջ, ես մտածում էի, որ մահու չափ կսառչեմ: Օգոստոսի վերջերին էր, բայց ջրերը հունվար ամսվա սառնությունն ունեին: Լիովին ընկղմվելուց հետո երբ ես դուրս եկա, մինչև ծնկներս ծածկված էի սառցե ցեխով: Հորեղբայրս արագ բարձրացրեց ինձ դեպի գետի ափը, որտեղ ինձ փաթաթեցին տաք ծածկոցով և նստեցրին կոճղի վրա: Այդ կոճղի վրա էր, որ ես պատկերացում կազմեցի Սուրբ Հոգու մասին: Ինձ ուսուցանել էին, որ Սուրբ Հոգին Աստվածագլխի անդամ է, անդամ, ով հայտնի է որպես Մխիթարիչ: Մինչ տաք ծածկոցով փաթաթված նստած էի, ես զգացի, թե ինչի է նման մեր Մխիթարիչի սիրո մեջ փաթաթված լինելը: Ինձ համար Նա երկնային ընկեր էր, որ ինձ հետ կլիներ այնքան, որքան ես արժանի կապրեի այդ պարգևին: Փաթաթված այդ ծածկոցով` ես սկսեցի զգալ այն ջերմությունը, որը կգար Սուրբ Հոգով շրջապատված լինելուց: Դա նման կլիներ այդ ծածկոցով փաթաթված լինելուն, իմ ողջ կյանքի ընթացքում ջերմություն, ապահովություն և խաղաղություն զգալուն: Հիմա գիտեմ, որ շատ անգամ իմ կյանքում ընկճված պահերին մխիթարվել եմ այդ նույն Մխիթարիչի կողմից: Ես ամեն օր փորձում եմ ապրել իմ կյանքն արժանի Նրա ներկայությանը: Ճիշտն ընտրելու մղումները, վտանգից խուսափելը, սիրտ մեղմացնելը կամ տխուր մարդուն հանգստացնելը. բոլորը եղել են այդ օրվա օրհնությունները Քրոու Քրիկի սառը ջրերում:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Իմ համայնքում, ես, որպես կամավոր ծառայող, շաբաթական երեք գիշեր պատասխանում եմ զանգերին մեր տեղական ընտանեկան բռնության ծրագրում: Ես դա արել եմ ավելի քան 20 տարի և շատ սիրում եմ նրանց, ում ծառայում եմ: Ես գնում եմ տեղական հիվանդանոցները և օգնում եմ սփոփել սեռական ոտնձգության ողբերգությունից տուժածներին և նրանց ընտանիքի անդամներին: Ընտանեկան բռնության ծրագրում ես սկսեցի կամավոր ծառայել 1990-ին, երբ իմ ամուսինն ուզում էր մեր Նոր Տարում սահմանած նպատակը կենտրոնացնել ծառայության վրա: Ես իրականում մտածեցի, որ նա խենթ է: Նա ուներ երեք աշխատանք, այնպես որ ես կարող էի մնալ տանը` երեխաների հետ: Ինչպե՞ս կարող ենք հասցնել ծառայություն կատարել: Նա ընտրեց Ապաստան Մարդկության համար կազմակերպությունը, և ես մտածեցի. «Եթե չեմ ուզում կրել գործիքների համար նախատեսված գոտի հաջորդ 52 շաբաթ օրերին, ավելի լավ կլինի գտնեմ ինչ-որ բան, որն ինձ դուր է գալիս»: Այսպիսով, ես անվճռականորեն աղոթեցի` խնդրելով առաջնորդել իմ ծառայողական ջանքերը: Չգիտեիք որ, անվճռական աղոթքները նույնպես ստանում են պատասխան: Հենց այդ օրը մեր տեղական թերթում ես տեսա մի հոդված, որտեղ մեր համայնքի ծեծի ենթարկված կանանց ապաստարան կազմակերպությունում ծառայելու համար պահանջվում էին կամավորներ: Ես անմիջապես հասկացա, որ գտել եմ իմ հետաքրքրությունը: Տատիկս անցել է ընտանեկան բռնության միջով: 1940-ականներին, նրան աստիճաններից հրելուց և վայր գցելուց հետո, երբ նա կորցրեց իր դեռ չծնված երեխային, նա ամուսնալուծվեց պապիկիցս, ավարտեց քոլեջը և ինքնուրույն մեծացրեց հայրիկիս ու հորեղբորս: Իմ ամուսնու տատիկն այնքան էլ բախտավոր չի եղել: Նա նույնպես ընտանեկան բռնությունից տուժած անձնավորություն է եղել: Նա, այնուամենայնիվ, մահացել է իր ամուսնու ձեռքերում: Այսպիսով, ես նվիրաբերում եմ իմ ժամանակն ու էներգիան նրանց պատվին` հուսալով, որ կկարողանամ ազատագրել կանանց բռնությունից: Իմ մատուցած ծառայությունը տասնապատիկ հետ է վերադառնում: Ծառայելուց հետո ես ավելի լավ անձնավորություն եմ դառնում: Ես ավելի ամուր եմ գրկում ամուսնուս: Ես ավելի քիչ եմ տրտնջում և գրեթե ամեն օր շնորհակալություն եմ հայտնում Աստծուն իմ բոլոր օրհնությունների համար: Օրվա ընթացքում մեր հավաքատեղում ես ծառայում եմ որպես կանանց կազմակերպության նախագահ: Այն կոչվում է Սփոփող Միություն: Մեր կարգախոսն է «Գթությունը երբեք չի խափանվում»: Որպես կանանց հրաշալի և բազմազան խումբ` մենք միավորում ենք մեր ջանքերը, որպեսզի ծառայենք միմյանց և մեր համայնքում: