Հիսուս Քրիստոսն ապրում է: Նա քայլեց Սուրբ Երկրով, գործելով հրաշքներ և ուսուցանելով ճշմարտությունը: Այնուհետև Նա խաչվեց: Սակայն Նրա մահը վերջը չէր: Նրա Հարության շնորհիվ մենք կրկին կապրենք: Նրա զոհաբերության շնորհիվ մենք կբարձրանանք մեղքից դեպի ճշմարիտ ուրախությունը: Որովհետև Նա ապրում է, մենք կարող ենք մեր կյանքի յուրաքանչյուր օրը գտնել օգնություն և բժշկում:
-
Հիսուս Քրիստոսը հանդիսավորությամբ մտնում է Երուսաղեմ, Նրա հետևորդները ակնածանքով փռում են իրենց հանդերձները և արմավենու տերևներ Նրա ճանապարհին: Նա առաջին անգամ չէ մտնում քաղաք: Իր երեք տարվա առաքելության ընթացքում Նա ճանապարհորդել էր Սուրբ Երկրով, ուսուցանելով, գործելով հրաշքներ և տարածելով Իր ավետարանի լույսը: Բայց այս ժամանակ Հիսուս Քրիստոսը պատրաստվում է իրականացնել Իր ամենակարևոր հրաշքը:
Ինչպես Նրա բոլոր գործերը, Հիսուս Քրիստոսի մուտքը մարգարեության իրականացում է: Երուսաղեմ Նրա ժամանելը զորեղ վկայություն է, որ Աստված պահում է Իր զավակներին տված Իր խոստումները: Մեր Երկնային Հայրը ճանապարհ է տվել մեզ հաղթահարելու մեղքը և մահը Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով:
-
Երուսաղեմ մտնելուց հետո առաջին բաներից մեկը, որ Հիսուս Քրիստոսն անում է, տաճար գնալն է: Այնտեղ, Իր Հոր տանը, Հիսուսը տեսնում է արևտրականներին, որոնք արևտուր էին անում անցնողների հետ: Բացահայտ իշխանությամբ Նա հրամայում է նրանց հեռանալ:
Երուսաղեմում տաճարի մաքրումը քաջության դրսևորում էր: Մենք կարող ենք ավելի քաջ դառնալ, իմանալով, որ Հիսուս Քրիստոսն արեց այն, ինչը, գիտեր, ճիշտ էր, անկախ նրանից, դա կհավանեին, թե՝ ոչ: Երբ մենք հետևում ենք Նրան, մենք ուժ ենք ստանում անելու նույնը:
-
Հիսուսի ներկայությունը Երուսաղեմում չանցավ աննկատ իշխանությունների կողմից: Տեսնելով վտանգ Հիսուսի մեջ, նրանք փորձում են վարկաբեկել Նրան: Ձիթենյաց սարի վրա նրանք հարցեր են տալիս Հիսուսին, հույս ունենալով ինչ-որ բան գտնել Նրա դեմ: Սակայն Հիսուսի ոգեշնչված պատասխանները չեն բացահայտում որևէ հանցանք, և Նրա թշնամիները վարկաբեկում են իրենք իրենց:
Չնայած աննկարագրելի ընդդիմությանը, Հիսուս Քրիստոսի աշխատանքը առաջ է գնում: Նրա մեծ սիրո շնորհիվ մենք ստիպված չենք միայնակ հաղթահարել մեր կյանքի խոչընդոտները: Երբ մենք փնտրում ենք Նրա օգնությունը, մենք կարողանում ենք հաղթահարել անգամ խոշոր խնդիրները:
-
Չորեքշաբթի օրվա իրադարձությունները հայտնի չեն: Սակայն փոխարենը կենտրոնանալու նրա վրա, թե որտեղ էր Հիսուսը, մենք կարող ենք կենտրոնանալ նրա վրա, թե ինչ էր Նա ուսուցանում:
Հիսուսը Մեծ Ուսուցիչն էր: Բացելով մեր սրտերը Նրա առաջ, մենք կարող ենք պատասխաններ գտնել կյանքի ամենակարևոր հարցերին: Սակայն դա անելու համար մենք պետք է լինենք Նրա աշակերտների նման՝ խոնարհ և անկեղծ:
-
Հիսուսը Իր Առաքյալների հետ անց է կացնում Զատիկը, որը հաճախ կոչում են Վերջին Ընթրիք: Նա կիսում է նրանց հետ Իր սերը՝ Իր խոսքերով և գործերով: Այնուհետև միասին նրանք գնում են մի խաղաղ այգի, որը կոչվում է Գեթսեմանի: Սակայն Հիսուսը պետք է միայնակ տանջվեր: Նա աղոթում է և սաստիկ հոգևարք ապրում: Սա Հիսուս Քրիստոսի սուրբ առաքելության գագաթնակետի սկիզբն է: Նա Իր վրա է վերցնում աշխարհի մեղքերը:
Թեև Նա ապրել է կատարյալ կյանքով, Նա վճարում է մեր բոլորի մեղքերի գինը: Դա այն զոհաբերությունն է, որը միայն Նա կարող էր կատարել, և Նա դա արեց Իր կամքով՝ ձեզ համար, բոլորիս համար:
-
Առավոտյան վաղ ժամերին Հիսուսին դավաճանությամբ հանձնում են տեղական իշխանությունների ձեռքը: Մի շարք միակողմանի դատավարություններից հետո, Նրան դատապարտում են մահվան՝ խաչելիության միջոցով: Նա մահանում է խաչի վրա կեսօրից հետո, Իր աշակերտների և մեղադրողների ներկայությամբ:
Այդպիսի մեծ տառապանք տանելու պատճառով Հիսուս Քրիստոսը կատարելապես հասկանում է մեզ, երբ մենք ֆիզիկական կամ հոգևոր ցավ ենք ապրում: Քանի որ Նա հաղթեց մահը, որպեսզի նորից ապրի, Նա զորություն ունի օգնելու մեզ հաղթահարելու մեր կյանքի խնդիրները, անկախ նրանից, թե որքան դժվար դրանք կարող են թվալ:
-
Նախորդ գիշեր Հիսուս Քրիստոսի մարմինը դրվեց գերեզմանի մեջ: Սուրբ գրությունները հիմնականում լուռ են Նրա խաչելիությանը հաջորդող օրվա մասին:
Հավանաբար, դա Նրա հետևորդների և ընտանիքի համար խորհելու օր էր: Նմանապես, դուք և ձեր ընտանիքը կարող եք խորհել այն մասին, թե ինչի միջով անցավ Հիսուս Քրիստոսը և ինչու էր Նա պատրաստ դա անել:
-
Վաղ առավոտյան Մարիամ Մագդաղենացին՝ Հիսուսի ընկերը և հետևորդը, գալիս է գերեզմանի մոտ՝ Հիսուս Քրիստոսի մարմնի մասին հոգ տանելու համար: Նա ապշում է, երբ գերեզմանը դատարկ է գտնում: Եվ նա միակը չէ: Մի մարդ, իր կարծիքով, այգեպանը, դիմում է իրեն: Նա արտասանում է նրա անունը. «Մարիամ»: Եվ նա տեսնում է: Նա Հիսուսն է: Հիսուս Քրիստոսն ապրում է:
Հիսուս Քրիստոսը հաղթահարեց մահը և հարություն առավ, և որովհետև Նա ապրում է, բոլորս կարող ենք կրկին ապրել: Որովհետև Նա ապրում է, ոչ միայն երրորդ օրը, այլ նաև այսօր, ամեն օր, մենք կարող ենք գտնել Նրան: